Տեղեկատվություն «էրեբունի-Երեւան» տոնակատարությունների վերաբերյալ

Այս տարի «էրեբունի-Երեւան» տոնակատարությունները կանցկացվեն հավասարապես բոլոր 12 վարչական շրջաններում: Բոլոր 12 վարչական շրջաններում տեխնիկական հագեցվածությունը կլինի նույնը: Այս մասին հոկտեմբերի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:


Փոխքաղաքապետը հայտնեց, որ բոլոր վարչական շրջանների համար գրեթե նույն ֆինանսական միջոցներն են տրամադրվել, նպատակը՝ ապակերոնացումն է:


«Միջոցառման տեխնիկական պայմանները որոշելիս հստակ ունեինք մի նախապայման՝ ծայրամասերում իրականացվող տոնական միջոցառումները ոչնչով չպիտի զիջեն կենտրոնում իրականացվողներին: Հրաժարվել ենք Հանրապետության հրապարակում մեկ բեմահարթակում իրականացվող միջոցառումից, քանի որ երբ այն կենտրոնանում է մեկ վայրում, ամբողջ քաղաքը զրկվում է բոլոր վարչական շրջաններում հավասար լավ որակի միջոցառումներ ունենալու հնարավորությունից»,- ասաց Տիգրան Վիրաբյանը։


 

Աջափնյակ փոփ էստրադային երաժշտության հարթակ


Ավան վարչական շրջանում հնչելու է մանկական երաժշտություն,


Արաբկիրում՝ դասական,


Դավիթաշենում՝ ջազային,


Էրեբունիում լինելու է ժողովրդական երաժշտության հարթակ,


Մալաթիա-Սեբաստիայում՝ էստրադային,


Նորք-Մարաշում՝ ազգագրական,


Նոր Նորքում՝ էլեկտրոնային,


Շենգավիթ  վարչական շրջանում՝ հեղինակային երգերի հարթակ կտեղադրվի,


Քանաքեռ-Զեյթունում՝ ռետրո երաժշտության,


Նուբարաշենի բնակիչները հնարավորություն կունենան ռոք լսել,


Կենտրոն վարչական շրջանում կհնչի փոփ երաժշտություն:


Վիրաբյանի խոսքով՝ այս տարի Կենտրոն վարչական շրջանի միջոցառումները կենտրոնացած կլինեն ոչ թե Հանրապետության կամ Ազատության հրապարակում, այլ Սարյան փողոցում։


Պաշտոնական միջոցառումն, ինչպես արդեն նշել էինք, կլինի նաեւ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան նաեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ Ազգային


Այս տարի տոնակատարությունը կազմակերպելու հայտ է ներկայացրել 18 ընկերություն․ հաղթել են նրանցից մի քանիսը:


Ըստ փոխքաղքապետի՝ երբ միջոցառումները միայն կենտրոնում են տեղի ունենում, կազմակերպչական հարցերով էլ միայն մեկ ընկերություն է զբաղվում, ընդամենը մի քանի արտիստ է ելույթ ունենում, եւ բնակիչները հնարավորություն չեն ունենում մշակութային բազմազանություն ունկնդրելու:


Վիրաբյանը նկատեց, որ վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ է «Էրեբունի-Երեւան» տոնակատարության կազմակերպման համար մեկից ավելի մասնակից ընկերություն լինում։ «Այժմ արդեն պայմանագրերի կնքման գործընթացի մեջ ենք, մեկ-երկու օրից փաստաթղթային հարցերն ավարտած կլինենք»,- ասաց նա:


Համերգային միջոցառումները բոլոր վարչական շրջանում սկսվելու են ժամը 13:00-ին: ԿԼինի նաեւ միաժամանակյա հրավառություն՝ ժամը 22:00-ին: