Ռուստամ Բադասյանը հայտարարություն է տարածել Իր ՖԲ ընկերների համար

Սիրելի՛ քաղաքացիներ
Կառավարության կոռուպցիայի դեմ պայքարը թևակոխում է նոր փուլ: Այսօր Կառավարության հավանությանն արժանացավ «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նախագծի շուրջ իրականացվել են աննախադեպ թվով քննարկումներ պետական մարմինների և քաղացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ:
Հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական շեշտադրումն արված է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալիզացման վրա:
Նախագծով նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն մարմնի տարանջատված մոդել՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հակակոռուպցիոն կոմիտեի տեսքով՝ ստեղծելով վերջիններիս համար համագործակցության հնարավորին գործուն և ճկուն կառուցակարգեր: Ամբողջությամբ վերանայվում է իրավապահ համակարգը՝ հետագայում այն առավել մասնագիտացված, արժանիքահեն, արդյունավետ դարձնելու միտումով: Մասնավորապես, նախատեսվում է 2021 թվականին ստեղծել կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության իրավասությամբ միասնական մարմին՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անվանմամբ:
Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի կայացվածության ապահովման տեսանկյունից նախագծով նախատեսվում է նաև ստեղծել կոռուպցիոն գործերի քննության նկատմամբ հսկողություն իրականացնող մասնագիտացված ստորաբաժանում Գլխավոր դատախազության կազմում՝ միաժամանակ ապահովելով նաև դատախազների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված մասնագիտացումը: Ամբողջական պատկերի տեսանկյունից կարևորվում է նաև մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը:
Հակակոռուպցիոն ռազմավարությամբ որպես հիմնական ուղղություններ նախատեսված են նաև.
1) կոռուպցիայի կանխարգելումը,
2) կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը,
3) հակակոռուպցիոն կրթությունը և իրազեկումը:
Նախագծով նախատեսվում է նաև՝
Ամբողջությամբ բարեփոխել հայտարարագրման համակարգը, այդ թվում՝ հայտարարատուների և նրանց ընտանիքի կազմի շրջանակի, հրապարակման ենթակա տվյալների ցանկի ընդլայնման, հայտարարագրի բովանդակության վերանայման, գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրման միասնական համակարգի փաստացի ստեղծման և գործարկման միջոցով:
Հայտարարատուների շրջանակի և նրանց ընտանիքի կազմի անդամների շրջանակի ընդլայնումը պայմանավորված է հետագայում համընդհանուր հայտարարագրման անցնելու հրամայականով: Հայտարարագրի բովանդակության վերանայման շրջանակներում իջեցվելու է հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի, այն է՝ 8 մլն. ՀՀ դրամ, արժեքային շեմը, սահմանվել է փաստացի օգտագործվող գույքի հայտարարագրման պահանջ, հստակեցվելու են փոխառությունների և եկամուտների տեսակները, ներդրվելու է ծախսերի հայտարարագրման համակարգ:
Հայտարարագրերի վերլուծության գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է ներդնել իրավիճակային հայտարարագրի ինստիտուտը:
Նախագծով նախատեսվում են վարչարարության պարզեցման, հանրային կառավարման համակարգում բարեվարքության ապահովման, կոռուպցիոն ռիսկերի նվազեմանն ուղղված հստակ կառուցակարգեր:
Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման տեսանկյունից առաջնահերթություններից է լինելու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործուն կառուցակարգերի սահմանումը և ներդրումը, դրանց միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովումը: Կոռուպցիոն հանցագործությունների ցանկի օրենքով սահմանումը, գործերի քննության մեթոդիկայի մշակումը և ընդունումը:
 Եվ որպես վերոնշյալի տրամաբանական շարունակություն չափազանց կարևորվում է հակակոռուպցիոն կրթության ներառումը կրթական համակարգում, ինչպես նաև իրականացված ծրագրերին քաղաքացիներին իրազեկ դարձնելու և նշյալի նպատակով համակարգված հակակոռուպցիոն իրազեկման ծրագրերի մշակումը և իրականացումը:
Նախագծով սահմանված են նաև Ռազմավարության մոնիթորինգի համակարգը և ֆինանսական գնահատականը:

Թոփ լուրեր