26.09.2019 | ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարգելի՛ գործընկերներ,
Սույն թվականի սեպտեմբերի 22-ից մեկնարկել են Երևանի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները: Ստորև ներկայացված է Երևանի պետական համալսարանի պաշտոնական հաղորդումը վերջիններիս իրականացման մանրամասների վերաբերյալ՝


1.Սույն թվականի հուլիսի 9-ին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի թիվ 257-Ա/2 հրամանի համաձայն` (հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 01.06.2019 որոշման N661–Լ հավելվածի կետ 19, ենթակետ 20-ը) ԵՊՀ 100-ամյակի նախապատրաստական աշխատանքները պատշաճ կազմակերպելու և նշելու նպատակով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով, որի նախագահն է ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը:


 


2.  ՀՀ կառավարության օգոստոսի 29-ի նիստում որոշվել է 18 մլն դրամ հատկացնել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին ԵՊՀ 100-ամյա հոբելյանի միջոցառումների ծախսերը փոխհատուցելու նպատակով։


3. Հայաստանի Հանրապետության գիտության կոմիտեի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջև կնքված պայմանագրի համաձայն` «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին հատկացվել է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված ևս 18 մլն  ՀՀ դրամ «Երևանի պետական համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացում» ծրագրի իրականացման նպատակով:


4. ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի միջոցառումների ծրագրի համաձայն` 26.09.2019, ժամը 14։00-ին կկայանա ԵՊՀ Գիտական խորհրդի հանդիսավոր նիստ ՀՀ ԱԺ նախագահ Ա. Միրզոյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի մասնակցությամբ, որի ընթացքում նախատեսված են ակադեմիական ազատության մասին հռչակագրի ընդունումն ու պարգևատրման արարողությունը: Նշված պաշտոնատար անձիք հաստատել են իրենց մասնակցությունը:


5. ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի միջոցառումների ծրագրի շրջանակներում 27.09.2019 կանցկացվի «Բարձրագույն կրթությունը, հետազոտությունը և նորարարությունը 21-րդ դարում» թեմայով միջազգային խորհրդաժողով, որին կմասնակցի ՀՀ ԱԺ նախագահ Ա․ Միրզոյանը:


6. 27.09.2019-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա պաշտոնական հանդիսավոր արարողություն, որին ներկա են գտնվելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հանդես կգա ողջույնի խոսքով:


7. ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի տոնական միջոցառումներին մասնակցության նպատակով Հայաստան են ժամանել 21 երկրներից գիտական և կրթական ոլորտների 84 ներկայացուցիչներ՝ Բելառուսից, Բրազիլիայից, Կանադայից, Գերմանիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չեխիայից և այլն:  Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կայանալիք պաշտոնական հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես կգա նաև Պրահայի Կարլովի համալսարանի ռեկտոր դոկտոր Թոմաշ Զիման:


8. 27.09.2019-ի երեկոյան կիրականացվի ԵՊՀ ռեկտորի անունից  ընդունելություն և գալա-ընթրիք «Ֆլորենս» ռեստորանային համալիրում: Գալա-ընթրիքին հրավիրված են շուրջ 450 հոգի:  «Ֆլորենս» ռեստորանային համալիրի ընտրությունը պայմանավորված էր առաջարկում ներառված առիթին առավել համապատասխան դահլիճի հարմարավետությամբ, ճաշացանկով, սպասարկման որակով, տեխնիկական հագեցվածությամբ (լեդ-էկրաններ, լույս, ձայն) : Գալա-ընթրիքին հրավիրված են ՀՀ նախագահ Ա․Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ա․Միրզոյանը, ԿԳՍՄ նախարար Ա․Հարությունյանը և այլ պաշտոնատար անձիք։


 


Սիրելի՛ հայրենակիցներ, վստահ ենք, որ Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանը տոնական իրադարձություն է ամբողջ Հանրապետության և յուրաքանչյուր հայի համար, հույս ունենք, որ այս տարիների ընթացքում Երևանի պետական համալսարանի ձեռք բերված դրական համբավը ամրապնդվում է այսօր և դեռ ամրապնդվելու է վաղը:


Շնորհավո՛ր տարեդարձդ, սիրելի՛ համալսարան: Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ համալսարանական:


Թոփ լուրեր